Ուղիղ 4 տարի առաջ այս օրը Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։ Սակայն դրանք այդպես էլ չվավերացվեցին եւ մնում են ԱԺ օրակարգում։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ անհանգստությունները մինչ այսօր էլ շարունակվում են, քանի որ ոչ սահմանն է բացվել եւ ոչ էլ դիվանագիտական հարաբերություններն են հաստատվել։

Այս արձանագրությունները, «Ժառանգության» փոխնախագահի խոսքերով, ավելի ձեռնտու էր թուրքական կողմին. «Եթե մինչ այդ Թուրքիան բավականին չեզոք դիրքերից էր հանդես գալիս ԼՂՀ հակամարտության հետ կապված, այս դեպքում արդեն ակնհայտ սկսեց աջակցել ադրբեջանական կողմին, որովհետեւ այդ հնարավորությունն արդեն ընձեռվեց այդ արձանագրություններով»,- նշեց նա։

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ ինչպես հայ- թուրքական արձանագրությունները, այնպես էլ սեպտեմբերի 3-ի Մաքսային միություն մտնելու հայտարարությունը նույն կերպ տեղի ունեցան, որեւէ քննարկում չկազմակերպվեց. «Մենք հենց առավոտյան կամ հանդիպումից հետո իմանում ենք, որ արտաքին քաղաքական նոր ուղղություն է ի հայտ եկել կամ որոշակի այլ ուղղությամբ է ընթանում արտաքին քաղաքականությունը»,- ցավով արձանագրում է Արմեն Մարտիրոսյանը։

Եթե, այնուամենայնիվ, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրված լինեին, պարոն Մարտիրոսյանի խոսքերով, Հայաստանը կճանաչեր Մոսկվայի ռուս-բոլշեւիկյան պայմանագիրը, Ցեղասպանության խնդիրն արդեն պատմաբանների խնդիր կդառնար եւ ԼՂՀ-ի հետ կապված, հնարավոր էր, որոշակի զիջումներ ունենայինք։

Իսկ ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո, ըստ կուսակցության փոխնախագահի, մեծ ճնշումներ կգործադրվեին Թուրքիայի վրա. «Որովհետեւ անտրամաբանական կլիներ, որ նույն պայմանագրի գոտում գտնվող պետություններից մեկը փակեր մյուսի սահմանը»,- եզրափակեց նա։