19 օր առաջ Ավան գյուղում անհետացած 47-ամյա Յուրա Մարտիրոսյանին պատրաստվում են ուղաթիռով փնտրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը:

 

«Եղբոր հետ պայմանավորվեցինք, որ մի հատ էլ ուղղաթիռով փնտրենք: Ամեն դեպքում հույսով են, որ նա ողջ է»,- նշել է գյուղապետը: Գյուղացիների շրջանում շարունակում էր վարկած շրջանառվել, թե նրան արջը տարած կլինի: Այնինչ գյուղապետը նշել է, որ որսորդներ են եկել եւ բոլոր արջերի բները ստուգել են եւ այդ վարկածը վերջնականապես բացառվել է:

 

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ, 47-ամյա Յուրա Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ից առեղծվածային պայմաններում անհետացել է:

 

Գյուղի բնակիչները անասունները հերթափոխով են պահում: Հոկտեմբերի 5-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, երբ Յուրան վերադարձել է իր հերթից պարզվել է, որ մի քանի անասուն չի եկել: Գյուղացիներն ասել են, որ կորած անասունների տերը եկել եւ ասել է, թե իրեն չի հետաքրքրում թող գնա, իր անասունը գտնի բերի: «Յուրան գնացել է ու էն գնալն է, որ գնացել է»,- նշել էին գյուղացիները: Գյուղապետը նաեւ ավելացրել էր, որ Յուրայի մայրը գլխի է ընկել, որ տղան վտանգի մեջ է եւ խնդրել է համագյուղացիներին գնալ փնտրել: Համագյուղացիները գնացել են փնտրելու, բայց չեն գտել:

 

Մինչեւ այսօր, թե համագյուղացիները, թե ոստիկանությունը, թե ԱԻՆ-ը փնտրում են, բայց ապարդյուն: Այնինչ` կորած անասունները հենց նույն գիշեր վերադարձել են:

 

Գյուղապետը բացառել է, որ տղամարդուն կարող էին գայլերը կամ արջերը վնասած լինեն` ասելով, որ այդ վարկածները ստուգվել են, եթե գայլ, արջ վնասած լինեին, ինչ-որ հետք կթողնեին: Նրա ձեռքին փայտ եւ մարտկոց է եղել, բայց դրանք էլ չեն գտնվել: Հագուստից էլ լաթի կտոր էլ չեն գտել: Միակ վարկածը նա է, որ վախից մի բան կատարվել է հետը եւ անհայտ ուղղությամբ է գնացել: Հարազատները հուսով սպասում են, որ հայրը ողջ առողջ վերադառնա տուն»:

 

«Անհետացած տղամարդը 18 տարեկան մի տղա ունի, որը պետք է բանակ զորակոչվի: Նա ապրում է տղայի, կնոջ եւ մոր հետ»,-գրում է կայքը: