Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ճիշտ է համարում կառավարության՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատգամավորների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնելու նախաձեռնությունը:
«Քաղծառայողինը դա համակարգ է, որն ամեն տարի է բարձրանում, իսկ ես պատգամավոր եմ աշխատում, 1999 թվականից մինչև հիմա ես պատգամավոր եմ, չեմ տեսել, որ պատգամավորների աշխատավարձերի լուրջ բարձրացում լինի գոնե մեկ անգամ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Այվազյանը:

 

 

Բայց մի՞թե աղքատության բարձր մակարդակի այս պայմաներում արդարացված էր այդ բարձրացումը:

 


Որևէ մի երկրում պատգամավորն այդքան քիչ աշխատավարձ չի ստանում, ամենաքիչն ստանում են մեր երկրում: Մեր կողքի երկրում՝ Վրաստանում, պատգամավորներն ստանում եմ մոտավորապես 2500 դոլարի կարգի գումար:

 


Բայց շատ քիչ երկրներում է, որ պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները հսկայական բիզնեսներ ունեն, ինչպես հայ պաշտոնյաների դեպքում է:

 


Ի՞նչ գիտեք, օրինակ Այվազյան Վարդանից սկսեք, ի՞նչ գիտեք, ես ինչ ունեմ: Աշխարհում չկա որևէ մի պետական պաշտոնյա, համանայնդեպս ես քիչ եմ տեսել, որը նախկինում որոշակի տնտեսական հաջողությունների չի հասել կամ տնտեսական որևէ տեղում չի աշխատել: Ուրիշ բան է լինել տնտեսական մի համակարգի մեջ, աշխատել, բիզնեսում ունենալ հաջողություն, հետո գալ քաղաքականություն: Պատգամավորն իր աշխատավարձից բացի ինքը որևէ մեկ այլ վճարովի աշխատանքի համար պիտի գումար չստանա, բացի ստեղծագործական և այլն:

 


Բայց այսօր հակառակ պատկերն է, մի շարք պատգամավորներ, հենց թեկուզ ՀՀԿ խմբակցությունից, բիզնեսներ ունեն ու շեղվում են իրենց բուն գործից: Նրանց աշխատավարձը պետք է բարձրանա՞:

 


Օրինակ, ո՞վ, Սամվել Ալեքսանյա՞նը:

 


Ոչ միայն, հենց թեկուզ դուք:

 


Ե՞ս, օրինակ կարո՞ղ եք ասել, վերջին երկու տարվա մեջ, իմ աշխատավարձից բացի, որտեղից եմ եկամուտ ստացել:

 


Դե թղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում:

 


Իսկ ոչ թղթերո՞վ:

 

Ձեր անունը մի շարք հանքերի հետ է կապվում:

 


Դուք եք կապում, ես կարող եմ ըտենց մտածողների անունը բազմաթիվ այլ գործընթացների հետ կապել: Է, հո կապելով չի: Տա Աստված մի քանի հատ հանք ավել աշխատեին, էս ժողովուրդը մի քիչ աշխատեր, փող ստանար:

 

 

Պարոն Այվազյան, այսօր բարձրաստիճան պաշտոնյաները, սկսած Սերժ Սարգսյանից, փաստորեն աշխատավարձի այդչափ բարձրացման կարիք ունեին հա՞, իսկ հասարակ ժողովուրդը:

 


Գիտեք ինչ կա, իմ խորին համոզմամբ, բոլորն էլ աշխատավարձի բարձրացման կարիք ունեն: Իմ աշխատվարձը 240 հազար դրամ է, շարքային հավաքարարը Կենտրոնական բանկում ստանում է 400 հազար կամ 200 հազար:

 


Բայց բարձրաստիճան պաշտոնյաները, բոլորս գիտենք, աշխատավարձով չեն ապրում, բազմաթիվ լծակներ ունեն իրենց ձեռքում:

 


Որո՞նք են իմ լծակները, խնդրեմ վերցրեք իմ լծակները: Է դուք էլ բիզնես արեք: Եթե ես գնում եմ, արտասահմանից մարդ եմ բերում, գտնում եմ ինչ-որ մի բիզնեսմենի, որ բերի Հայաստանում ներդրում կատարի, դուք էլ բերեք: Պետական պաշտոնյաները հիմնականում իրականացնում են պետության քաղաքականությունը, թե պետական, թե արտաքին: Երբ որ դու պետական պաշտոնյային հավուր պատշաճի չես գնահատում, համենայնդեպս իր որոշումների կայացնելու մեջ մի բան թերի է մնալու: Եթե նորմալ մասնագետ ես և քեզ լավ չվարձատրեն, վաղ թե ուշ, կթռնեք, կգնաք, և քո տեղը կզբաղեցի քո ունակություններից շատ ավելի քիչ ունակություն ունեցողը: Դա շատ կարևոր հանգամանք է, որպեսզի կարողանան նաև տարբերությունը վերացնել պետական և մասնավոր համակարգերի միջև, արժանապատիվ իրականացնել: Երկրորդը, քաղաքական որոշումների կայացման իրավասու շրջանակների հստակեցման խնդիրն է գալիս: Դուք ո՞նց եք մտածում, եթե նախարարին տաս հինգ հազար դրամ աշխատավարձ, դուք գտնում եք, որ այդ հինգ հազար դրամով նախարարը կաշխատի և նրա վարձատրությունը համահունչ կլինի իր կատարած աշխատանքի՞ն: Բնականաբար, ավտոմատ դուք իրեն դրդում եք, որպեսզի նա գնա այլ ճանապարհով իր եկամուտները հայթայթելու: Ինքը կարող է ձեզ համար որոշում կայացնել, որ դուք միլիոններ աշխատե՞ք:

 


Իսկ նախարարներին ենթակա սովորական քաղծառայողների աշխատանքի արդյունավետությունը կառավարության այս քայլով չի՞ վտանգվում, չէ՞ որ մեծանում է սոցիալական բևեռացումը:

 


Չէ, քաղծառայողի աշխատավարձն ամեն տարի պետական բյուջեով իրենց մոտ տեղի է ունենում աշխատավարձի բարձրացում: Անկախ քաղաքական համակարգից, դա ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այլ կուսակցություն, քաղծառայողների համակարգի աշխատավարձերն ամեն տարի բյուջեով նախատեսված է բարձրացում: Կարծեմ 10 տոկոսանոց շեմ է դրված: Իսկ մերը վերջին անգամ 2001 թվականին է բարձրացել: