Բնապահպանության նախարարությունը դեռևս 2012թ. նախարարի Արամ Հարությունյանի հանձնարարությամբ սահմանել է, այնուհետև դադարեցրել է Արարատի մարզում ջրօգտագործման թույլատվության տրամադրումը Արարատի և Արմավիրի մարզերում: Այսինքն' մի քանի տարի շարունակ այս հարցը պահել է ուշադրության կենտրոնում և հետազոտությունների, մշտադիտարկումների ու ուսումնասիրությունների առարկա է եղել:

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում նախարարության ակտիվությունը և նո՞ր է նախարարությունը տեղեկացել Արարատի մարզում ապօրինի խորքային հորերի գործունեության մասին:

 

«Իսկ այս տարվա սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ, որտեղ հստակ հանձնարարական է տրվել՝ խնդիրը վերջնականապես վերցնել վերահսկողության տակ»,-ասաց նախարարության լրատվության պատասխանատուն:

 

Հիշեցնենք, որ օրերս նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման աշխատանքները համակարգող հանձնաժողովի, խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող աշխատանքային խմբի իրականացրած ստուգայցերին, ուսումնասիրությունների արդյունքում վերջին մեկ ամսում Արարատի և Արմավիրի մարզերում լուծարել է 515 լ/վ գումարային ծախսով 12 խորքային հոր և կոնսերվացրել 280 լ/վ գումարային ծախսով 13 հորատանցք: Լուծարվել են «Մխչյան ֆիշ», «Ալեքս գրիգ», «Էմի ֆիշ», «Ռոյալ պարադիզ», «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերությունների և մի շարք այլ անհատ ձեռներեցների ձկնաբուծարաններում առկա ապօրինի խորքային հորերը:

 

Արմեն Վարդանյանը նշեց, որ աշխատանքներն իրականացվել են Կառավարության կողմից 43 ապօրինի հորերի փակման համար տրամադրված գումարներով;