Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից շատերը խուսափում են գնահատականներ հնչեցնել Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճի վերաբերյալ: Մեզ հետ հեռախոսազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից ոմանք կտրականապես հրաժարվեցին խոսել այդ թեմայի շուրջ անգամ այն ժամանակ, երբ հիշեցրինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործող ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին խոսելիս ասել էր, որ եթե վարչապետը խուսափում է պատասխանատվությունից, ուրեմն նա բանականության «դեգրադացիա է ապրել», իսկ «թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»:

 

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ասաց, թե ինքը չի մեկնաբանի պատասխան հայտարարությունները: «Ընդհանրապես չեմ մեկնաբանում, եթե այդ թեմայից դուրս ուրիշ հարց ունեք' ասեք: Եկեք այս թեման լրիվ փակենք, էլի… ուրիշ եթե հարց ունեք…»,- նշեց նա:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանել այն' պատճառաբանելով, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չի կարդացել: «Առիթ չեմ ունեցել կարդալու, դրա համար որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են խոսել Քոչարյան-Սագսյան բանավեճի մասին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Չգիտեմ… Այ, չեմ կարող դա մեկնաբանել»:

 

Հարցին, թե չե՞ք պատրաստվում կարդալ, պատգամավորը պատասխանեց. «Եթե անկեղծ ասեմ' չէ, չի հետաքրքրում»: Դիտարկմանը, թե հետաքրքիր չէ՞ ծանոթանալ երկրորդ նախագահի գնահատականներին ՀՀ վարչապետի մասին և որևէ կերպ պաշտպանել նրան, Խ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Վարչապետն արձագանքել է, էլ ի՞նչ է պետք այդտեղ, մարդը ասել է: Հո խոսքը մենամարտի, դուելի մասին չէ՞… եղել է կարծիք, Տիգրան Սարգսյանն էլ արձագանքել է, էլ ի՞նչ կոմենտարիաներ են պետք այստեղ»:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտողար Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե իշխող կուսակցությունը չի արձագանքի գործող վարչապետի հասցեին հնչեցրած գնահատակններին: «Ռոբերտ Քոչարյանի արձագանքին Տիգրան Սարգսյանը պատասխանել է, իր կարծիքն է հայտնել, ուստի ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա:

 


Շարունակությունն` այստեղ: