Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։ Հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի 30-ը, երբ թույլ են տալիս ղանակային պայմանները, կատարել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգում։

 

Վերջին օրերի առատ ձնհալի հետևանքով ակտիվացել են սողանքային երևույթները, որոնց պատճառով ճանապարհահատվածում նստվածքն առավել խորացել էր. առաջացել էին փոսեր՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ, ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցները նշված ճանապարհահատվածում իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, լցվել է ավազակոպճային խառնուրդ և կատարվել հարթեցման աշխատանքներ:

 

Ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն գարնանը, երբ թույլ կտան եղանակային պայմանները:

 

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության: