Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առողջապահության նոր նախարար ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:

 

Հարություն Քուշկյանն ավարտել է Երևանի Պետական Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Շտապ Օգնության թիվ 2 այնուհետև Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում: 1986 թ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը' ստանձնելով բաժանմունքի վարիչի պարտականությունները: 1992-2007թթ. աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում' որպես հիմնադիր և գլխավոր տնօրեն:

 

1995-1996թթ եղել է ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ: 1995-1999թթ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 2002-2007թթ. եղել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիրը և գլխավոր տնօրենը: 2003 թ. Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչն է, 2005թ. ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահը: 2007-2012թթ եղել է ՀՀ առողջապահության նախարարն է: Հարություն Քուշկյանը անդամակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

 

Հասմիկ Հարությունյան