Հայաստանի պետական ճարտարագիտական և ճարտարապետաշինարարարական համալսարանները հնարավոր է կրկին վերամիավորվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով' նման փոփոխությունը դրական ազդեցություն կունենա բուհի հետագա զարգացման վրա: «Մենք մոտ ապագայում այդ քայլերը կձեռնարկենք: Երկու բուհերը կմիավորվեն' ինչպես դա եղել է խորհրդային տարիներին»,-ասաց նա' հավելելով, որ Պոլիտեխնիկը պետք է քայլեր ձեռնարկի վերականգնելու իր նախկին փառքը' որպես բուհական համակարգի երբեմնի առաջնորդներից մեկը:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում դադարեցնելու պատճառների հետ կապված ասեկոսեներին, Աշոտյանը նշեց, որ տվյալ հարցի մեջ որևէ սենսացիա պետք չէ փնտրել: «Նախկին ռեկտորը մնում է կրթության և գիտության համակարգում»,-հավելեց նախարարը:

 

Աշոտյանը հերքեց նաև այն շահարկումները, որոնց համաձայն' Արա Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել բուհում «Դ!եմ եմ»-ի ակցիան կանխել չկարողանալու պատճառով: «Ռեկտորի հրաժարականը դրա հետ կապ չունի: «Դ!եմ եմ»-ի ակցիան անցել է հանգիստ և չի խանգարել կրթական գործընթացին»,-ասաց ԿԳ նախարարը:

 

Աշոտյանի խոսքով' այս պահին թափուր է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտորի պաշտոնը: «Բուհում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված պրոռեկտորներից մեկը: Մենք արդեն վաղը կորոշենք, թե այս անցումային փուլում ով է ստանձնելու բուհը ղեկավարելու պատասխանատվությունը' մինչև ռեկտորի ընտրությունները»,-ասաց Արմեն Աշոտյանը:

 

Ինչ վերաբերում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորի ընտրությանը, Աշոտյանը պատասխանեց. երբ ընտրվի կիմանաք:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով' 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում' լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը' իր դիմումի համաձայն:

 

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները: