Ազգային ժողովում քառօրյա նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը բարձրացրեց Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի հարցը, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում: Այնտեղից բնակչության տարհանում է իրականացվում: «Այսպիսով մենք սկսում ենք կորցնել Մերձավոր Արևելքի ամենահին համայնքներից մեկը: Ի՞նչ գործողություններ է պատրաստվում անել Հայաստանը, միգուցե համատեղ քննա րկում ծավալվի արտաքին գործերի նախարարության հետ, համատեղ քննարկումների արդյունքում մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր»,-ԱԺ նախագահին հարցրեց Թևան Պողոսյանը:

 

ԱԺ նախագահը նշեց, որ այդ հարցը ոչ միայն իրեն, այլև բոլորին է մտահոգում, սակայն գործողությունների ծրագրերի մասին խոսելն անտեղի է: «Բոլորս էլ մտահոգ ենք այս հարցով, բայց մենք իրավասու չենք միջամտել այլ երկրի ներքին գործերին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ կարելի է այս հարցով խորհրդարան հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին կամ նրա պատասխանատուին՝ իրականությունը ներկայացնելու ու մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար:

 

Վերջին երկու օրերին թուրքական սահմանի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբի շրջանի վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով շատ ընտանիքներ տարհանվել էին: Լիբանանում Սիրիայի դեսպանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսին նախագահ Բաշար ալ-Ասադի անունից վստահեցրել է, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար: