Ղրիմի Ինքնավար Հանրապետության ինքնորոշումը «դե ֆակտո» իրականություն է, որի հետ վաղ թե ուշ հաշվի են նստելու բոլոր աշխարհաքաղաքական ուժերը: Մարտի 25-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով, Ուկրաինայում առաջացած ճգնաժամը ընդդիմություն-իշխանություն հակամարտությունից վերափոխվեց Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական պայքարի, ինչի արդյունքն էր նաև Ղրիմի ինքնորոշումը:

 

«Այն դասը, որը պետք է քաղեն բոլոր պետությունները Ուկրաինայի օրինակից, այն է, որ պետք չէ երկրի ներքին խնդիրները դարձնել ուշադրության առարկա դրսի ուժերի համար»,-նշեց Բոզոյանը:

 

Նրա խոսքով, Ղրիմի ինքնորոշման նկատմամբ Հայաստանը չեզոք քաղաքականություն պետք է որդեգրի, ինչը և հայաստանյան իշխանությունները պահպանում են' հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացքում միջնորդներ են:

 

«Դիվանագիտական առումով շահավետ է ասել, որ Ղրիմի ինքնորոշումը նախադեպ չի կարող դառնալ Ղարաբաղի համար, սակայն իրականում Ղրիմը, Կոսովոն, Աբխազիան նման են իրար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազային հանրությունը տառապում է կատարյալ ցինիզմով, Հայաստանը զգուշավոր քաղաքկանություն պետք է վարի' տարանջատելով Լեռնային Ղարբաղի խնդիրը մյուսներից»,- պարզաբանեց քաղաքագետը:

 

Նա շեշտեց, որ եթե Հայաստանը ցանկանա նմանեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ղրիմին, ապա Ադրբեջանն ամեն կերպ քայլեր կձեռնարկի բանակցային գորընթացը փոխելու համար' պատճառաբանելով, որ Մադրիդյան սկզբունքները հնացած են;

 

Բանախոսը կարծիք հայտնեց նաև, որ Հայաստանը կարող է հանդես գալ միջնորդական առավելություն կատարողի դերում' բարելավելու համար հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

 

«Մայդանային» հեղաշրջումից հետո Ուկրաինայում իրավիճակը շարունակում է թեժ մնալ: Արդեն մի քանի օր է անհանգիստ է նաև Ղրիմում: Այդտեղ միաժամանակյա հանրահավաքներ են անցկացրել ռուսական և արևտմտյան ինտեգրման կողմնակիցները: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին դիմել է Դաշնային Խորհրդին՝ ԶՈՒ-ն Ուկրաինայի տարածքում օգտագործելու հարցով և ստացել աջակցություն: Պուտինը հետագայում հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինա զորք մտցնելու հնարավորություն ունի, բայց առայժմ անհրաժեշտություն չի տեսնում: