Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող բռնություններով, որոնք սպառնում են տեղի հայկական համայնքի անվտանգությանը: «Մեզ խորապես անհանգստացնում են վերջին շրջանում տեղի ունեցող կռիվները և բռնությունները, որ վտանգում են Քեսաբի հայկական համայնքի անվտանգությունը և որի պատճառով շատերը ստիպված են եղել գաղթել»,- մարտի 28-ի ամենօրյա հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մարի Հարֆը:

 

Նախորդ օրը Միացյալ Նահնագների հայկական համայնքի ներկայացուցիչները և Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել էին ԱՄՆ արտաքին հարաբերությունների գերատեսչության պաշտոնյաների հետ' հորդորելով վերջ տալ Սիրիայի հայաշատ պատմական գյուղաքաղաքում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին: «Միացյալ Նահանգները կշարունակի կայուն կերպով աջակցություն ցուցաբերել Սիրիայում և տարածաշրջանում բռնության զոհ դարձածներին, այդ թվում' սիրիահայերին: Երկար ժամանակ է' մենք անհանգստացած ենք բռնի ծայրահեղականների ներկայացրած վտանգով, և այս վերջին սպառնալիքը Սիրիայի հայկական համայնքի վրա միայն ամրապնդում է մեր անհանգստությունները»,-նշել է Հարֆը:

 

Պետդեպի խոսնակը ընդունել է հարձակումները կատարվել են «Ալ Նուսրա» և «Ալ Քաիդային» առընթեր այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, այնուամենայնիվ, ոչ մի մեկնաբանություն չի արվել դրանցում Թուրքիայի ներգրավվածության մասին ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ: