Տարիներ շարունակ Հայաստանում ամենակայացած և ամենահանդուրժող «համքարությունը» համարվել է լրագրողական համայնքը: Անկախ տարաձայնություններից՝ խմբագիրները և լրագրողները կարողացել են այս կամ այն հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերել, միմյանց նկատմամբ պահպանել կոռեկտություն և վիճելի հարցերը լուծել փոխադարձ համաձայնության և հարգանքի մթնոլորտում: Անգամ եզակի դեպքեր են եղել, երբ լրատվամիջոցները բացասական երանգներով նյութեր են հրապարակել միմյանց մասին. հատկապես լուրջ և կայացած լրատվամիջոցները մշտապես միմյանց նկատմամբ պահպանել են կոռեկտություն:

 

Էլեկտրոնային լրատվամիջոցների աճին զուգընթաց առաջացավ սեփական լրատվությունը անբարեխիղճ օգտագործողներից պաշտպանելու խնդիր: Խնդիրը մեղմելու համար ֆեյսբուքյան հարթակում ստեղծվեցին փակ լրագրողական խմբեր, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները միմյանց տեղեկացնում են նյութերի անբարեխիղճ օգտագործման մասին և խնդիրը լուծվում է համաձայնության մթնոլորտում: Իհարկե, լինում են բանավեճեր, վիճաբանություններ, սակայն դրանք երբևէ դուրս չեն գալիս ֆեյսբուքյան փակ խմբի շրջանակներից, և, որպես կանոն, ավարտվում են հաշտությամբ և թերությունների շտկմամբ:

 

Մեր լրատվամիջոցը ևս գրեթե ամեն օր բախվում է այդպիսի խնդիրների, երբ մեր հեղինակած նյութերը օգտագործվում են ոչ նպատակային ծավալներով, սակայն մենք խուսափում ենք անգամ համացանցում այդ մասին բարձրաձայնումներից և մեր գործընկերներին զգուշացնում ենք հեռախոսային կապի կամ անձնական նամակագրության միջոցով: Ինչու ոչ, երբեմն աչք ենք փակում. ի վերջո մենք գործում ենք նույն դաշտում, որտեղ թյուրըմբռնումը երբեք չի բացառվում: Ոչ ոք չի կարող երբևէ խուսափել նմանատիպ երևույթներից:

 

Եվ այս ամենի ֆոնին, Հայաստանում առաջին անգամ, լրատվամիջոցներից մեկը այլ կայքերի դեմ դեմ դատական հայց է ներկայացրել հեղինակային իրավունքների խախտման համար և պահանջում է փոխհատուցում վճարել: «Հետք» ինտերնետային կայքը «Առաջին լրատվականին» (1in.am) եւ pressident.am կայքին դատի է տվել «Հետքի» հեղինակային հոդվածները առանց պատշաճ հղման արտատպելու համար: Ընդ որում, pressident.am-ի ներկայացուցիչ Անի Քոչարը այս թեմայով «Հայկական ժամանակ»-ին պարզաբանել է. «Այդ ժամանակահատվածը, որում «Հետքը» գտել է նշված խախտումները, մեր կայքի՝ pressident.am-ի համար եղել է փորձարկման ժամանակաշրջան, եւ գուցե տեղ գտնեին որոշակի վրիպումներ եւ թերացումներ։ «Հետքի» այն պնդումը, թե չի շտկվել խնդիրը, իրականությանը չի համապատասխանում, ավելին' մենք հեռացրել ենք այդ հրապարակումները եւ այլեւս չենք օգտվել «Հետքից»»:

 

Հետևելով իրադարձությունների ընթացքին՝ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ամեն գնով ստեղծել լրատվամիջոցի կողմից մեկ այլ լրատվամիջոցի դատի տալու նախադեպ: Հարց է առաջանում՝ ինչու՞: Անկեղծորեն չէի ցանկանա, որ այս ամենը ուղղորդված լիներ որևէ ուժի կողմից՝ հայկական մեդիա - դաշտում պառակտում մտցնելու և լրագրողական համերաշխությունը խախտելու համար: Ի՞նչ պատահեց սեփական խնդիրները փոխզիջումներով լուծող և սկզբունքային հարցերում միասնությամբ աչքի ընկնող լրագրողական համայնքին:

 

Հանուն ի՞նչ նպատակի «Հետքի»-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանը նետեց առաջին քարերը. կարելի է միայն ենթադրություններ անել: Ցավոք, այդ ենթադրությունները սփոփիչ չեն, իսկ սա այն դեպքը չէ, երբ նպատակն արդարացնում է միջոցները...

 

Եթե չեք կարողանում ստեղծել նոր ավանդույթներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների հարաբերությունների սերտացմանն ու մեդիա - դաշտի խաղաղ գոյակցությանը, ապա մի փոշիացրեք այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում: Պարզապես վստահ եմ, որ լրատվամիջոցների միջև ցանկացած խնդիր լուծելի է, և այդ խնդիրների լուծման լավագույն ճանապարհը դատարանը չէ...


Վարուժան Բաբաջանյան