ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նորություն չի հայտարարել: Նախարարի խոսքով' հայկական կողմի խնդիրն է՝ շարունակել պայքարը, ամեն ինչ անել, որպեսզի մեր նպատակներն իրագործվեն: Երևանի «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ազատագրված տարածքներն ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու մասին հարցին՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Մեր նպատակներում այդպիսի բան չկա»:

 

«Այսօր հաղթանակի օր է և արցախյան գոյապայքարից հետո՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանապարհին, հայ ժողովրդին հաղթանակներ եմ մաղթում նաև դիվանագիտական պայքարում: Որքան էլ դիվանագիտական դաշտում մենք պայքարենք, այնուամենայնիվ գտնում եմ, որ մենք՝ զինվորականներս, տարել ենք այն հաղթանակը, որն անհրաժեշտ է: Այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի մեր ղեկավարությունը դիվանագիտական դաշտում կարողանա նաև հաջողություններ ունենալ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի վեց կետերի իր տեսլականը: Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբ երակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:

 

Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: «Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ամփոփել է Ուորլիքը: