Անվտանգության ապահովման հարցը Հայաստանի քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկն է «և այս առումով Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանն ու Ռուսաստանն անվտանգության միևնույն համակարգում են: Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է: Նրա գնահատմամբ, հենց այս համատեքստում պետք է դիտարկել սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած որոշումը' անդամակցելու Մաքսային միությանը: «Ես միշտ հայտարարել եմ' հնարավորությունը, որ Հայաստանը կարող էր ասոցացվել Եվրամիությանը, կար, սակայն եթե ռուսները գրպանից հանեին և սեղանին դնեին անվտանգության հարցը, ապա իրավիճակը կփոխվեր»,- «Կովկաս 2013» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Իսկանդարյանը' հավելելով, որ երբ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը 4 միլիարդ դոլար արժողությամբ զինամթերք է վաճառում Ադրբեջանին կամ երբ Ռուսաստանը հայտարարեց գազի թանկացման մասին' ակնհայտ էր, որ եվրաինտեգրացիայի հետ կապված իրավիճակում փոփոխություն է լինելու:

 

Ըստ քաղաքագետի ԵՄ-ն Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, սակայն Ռուսաստանը գլխավոր գործընկերն է ներդրումների առումով: Միաժամանակ, խաղում է կարևորագույն դեր անվտանգության ապահովման հարցում: Հենց այդ պատճառով Հայաստանը ցանկացած պետության հետ պետք է ունենա յուրահատուկ հարաբերություններ' հաշվի առնելով աշխարհագրական դիրքը: «Հայաստանը փաստացի երկու բաց սահման և երկու հարևան ունի: Եվ յուրաքանչյուրի հետ հարաբերություն հաստատելիս կամ զարգացնելիս պետք է հսկայական բացատրություն ներկայացնի:

 

Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար, Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի աշխարհագրական դիրքն ու շրջափակումը, Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով պետք է Ռուսաստանին խորհուրդ տա ևս մեկ անգամ ուշադիր դիտել քարտեզին ու այնտեղ գտնել Հայաստանի տեղը: Այս առումով, Հայաստանն այնպիսի վիճակում է, որ չի կարող յուրահատուկ պայմաններ չունենալ պետությունների հետ»,- ասաց Իսկանդարյանը' հավելելով, որ նույն յուրահատուկ հարաբերությունները Հայաստանը պետք է ունենա և կարողանա պահպանել, թե Մաքսային միության, թե Եվրամիության հետ:

 

Երևանում մեկնարկել է «Կովկաս 2013» միջազգային գիտաժողովը, որտեղ քաղաքագետները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Հարավկային Կովկասի հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ: