Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօլղուն պահանջել է իրաքյան իշխանություններից հավելյալ պաշտպանություն հատկացնել Բաղդադում Թուրքիայի գլխավոր դեսպանությանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնխարարների նիստի շրջանակում Դավութօղլուն հայտնել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիին:

 

Դավութօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 18-ին Բասրայից Քուվեյթ տեղափոխված թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներից տասն արդեն վերադարձել են Թուրքիա, իսկ գլխավոր հյուպատոսը և նրա հետ ևս մի քանի մարդ մնացել են Քուվեյթում' հետագայում Բասրայի հյուպատոսարանը վերաբացելու նպատակով: Դավութօղլուն հիշեցրել է, որ Իրաքի 15 շրջաններում բնակվում են 3-4 հազար Թուրքիայի քաղաքացիներ: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում «Թուրքական ավիաուղիներ»-ը, որը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Իրաք, կարող է հավելյալ երթուղիներ բացել:

 

ԻԼԻՊ-ի գրոհայինները հունիսի 11-ին զավթել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին և ևս 49 աշխատակիցների, այդ թվում'հյուպատոսությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների: Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ ԻԼԻՊ-ի զինյալները պատանդ են վերցրել ևս 15 թուրքի: