«Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

 

Կուսակցության կազմակերպած հանրահավաքին հրավիրված են բոլոր քաղաքական ուժերը, ՀԿ-ներ, քաղաքացիական ակտիվիստներ՝ առանց բացառության:

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենց կուսակցականներն ազատ են իրենց որոշումներում և ցանկության դեպքում կարող են մասնակցել ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքին, սակայն կուսակցությունը պաշտոնապես որևէ ներկայացուցիչ չի ունենալու:

 

«Ժառանգությունում ոչ մի քննարկում տեղի չի ունեցել՝ որևէ քաղաքական ուժի կազմակերպած հանրահավաքի մասնակցելու վերաբերյալ: Մենք պաշտոնապես չենք ներկայանալու այդ հանրահավաքին, բայց կուսակցության անդամներն ազատ են իրենց որոշումների մեջ՝ իրենց դիրքորոշումը հայտնելու համար: Քաղաքական պրոցես է, որին ամեն մեկը թող ինքը որոշի՝ կմասնակցի, թե ոչ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

 

Լուրեր.com-ի թղթակիցը նույն հարցն ուղղեց նաև «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանին, ով կարծիք հայտնեց է, որ իրենց մասնակցությունն այդ հավաքին անիմաստ է, և իրենք ներկա չեն լինելու:

 

«Մեր մասնակցությունն այնտեղ անիմաստ է, «Դ!ԵՄ ԵՄ»-ն ի՞նչ կապ ունի այն հանրահավաքի հետ, որն անում է ՕԵԿ-ը: Մի քանի տարի առաջ էլ նման բան էր անում, հետո պարզվեց՝ ինքը հակառակ կողմն անցավ, հիմա չգիտես՝ ո՞նց էլի այս կողմն անցավ: Չգիտենք՝ վաղն ինչ կանի: Առհասարակ, ցանկացած քաղաքացի ՕԵԿ-ին կարող է վստահել միայն այն դեպքում, երբ իրենք երկար տարիների ընթացքում ինչ-որ ձև ապացուցեն, որ ունեն հստակ դիրքորոշում և հստակ ասելիք և որ կողմից քամին փչի, այն կողմ չեն գնա: Դրա համար երկար ժամանակ է պետք և ժամանակը ցույց կտա, թե ՕԵԿ-ն ինչպես է իրեն դրսևորում: