Դաղստանի Նախագահ Ռամազան Աբութալիբովը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակում պաշտոնաթող անել Դերբենդի շրջանի ղեկավար, ադրբեջանական կլանի առաջնորդ Գուրբան Գուրբանովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org-ը' Դաղստանի Նախագահը հայտարարել է «Բաց իշխանություն» հեռուստահաղորդման ուղիղ եթերում:

 

«Մոտ ժամանակում մենք կփոխենք Դերբենդի շրջանի ղեկավարությունը: Այնտեղ շատ երկար ժամանակ իշխանությունը չի փոխվել: Կարծում եմ' ղեկավարության փոփոխությունը օգտակար կլինի»,- նշել է ինքնավար հանրապետության նախագահը:

 

Գուրբան Գուրբանովը Դերբենդի շրջանը ղեկավարում է 1998 թվականից' փոխարինելով իր հորը' Սեիդ Գուրբանովին, որը շրջանը ղեկավարել էր 25 տարի: Գուրբանովների ընտանիքը շատ մոտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ:

 

Դերբենդի շրջանի մոտ 100 հազար բնակչության 60 տոկոսը ադրբեջանցիներ են, 18 տոկոսը' լեզգիներ, 9 տոկոսն էլ' թաբասարանցիներ:

 

Մեկնաբանելով Ռ.Աբութալիբովի այդ հայտարարությոընը, դաղստանցի քաղաքագետ, Ռուսաստանի լեզգիների ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար կազմի անդամ Ռուսլան Գերեեւն ասել է, որ Գուրբանովների կլանը մեծ ազդեցության հնարավորություններ ունի Դաղստանի հարավում:

 

«Դեռեւս 90-ականներից Գուրբանովների ընտանիքը ամրապնդել է իր դիրքերը տեղի բիզնես կառույցներում: Արդյունքում' օգտագործելով իրենց ազդեցության լծակները, տասնյակ տարիներ նրանք վերահսկողության տակ են պահել Դաղստանի հարավը»,- ասել է նա: Գերեեւի կարծիքով' Գուրբանովների կլանի ներկայացուցչին պաշտոնաթող անելու պատճառը «չափից ավելի քաղաքական անկախությունն ու Ադրբեջանի ղեկավարության հետ սերտ հարաբերություններն են»