Ադրբեջանական նավթը Թուրքիայի տարածքով' Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով միջազգային շուկաներ փոխադրող բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերությունը հայտարարել է, որ Իսրայելին վառելիք է վաճառում Ադրբեջանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, Թուրքիայում ԲԹՋ-ի «BP Turkey» դուստր ընկերության գործադիր տնօրեն Մուրաթ ԼեՔոմփթեն հայտարարել է, որ իրենց ընկերությունը ոչ մի կապ չունի Թուրքիայի կողմից Իսրայելին վառելիք վաճառելու հետ: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԲԹՋ-ով Թուրքիա փոխադրվող նավթն Իսրայելին վաճառում է Էրդողանի կրտսեր որդուն' Բիլալ Էրդողանին պատկանող միջանկյալ ընկերությունը:

 

Էներգետիկ հարցերով թուրքական «21-րդ դար կարծիք» հետազոտական ինստիտուտի փորձագետ Թուղջե Վարոլ Սեւիմը նշել է, որ համացանցում հրապարակումների պարզ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսն իրագործվում է Ադրբեջանի հաշվին: «Պայմանագրի համաձայն' Թուրքիան իրավունք չունի միջամտելու ԲԹՋ-ով փոխադրվող նավթի վաճառքի հարցերին: Ադրբեջանն ինքն է որոշում ում վաճառել նավթը», -նշել է նա:

 

Դրան զուգահեռ' հղում կատարելով թուրքական denizhaber.com.tr կայքին, virtualaz.org-ը հայտնում է, որ ադրբեջանական նավթն Իսրայել փոխադրելու համար Բիլալ Էրդողանը 10 տարի ժամկետով վարձակալել է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսումովին պատկանող լցանավը: Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Մանսիմովն այդ լցանավը գնել է 35 մլն դոլարով:

 

Նշվում է, որ ծովագնացական BMZ Group ընկերությունը, որի հիմնադիրները հանդիսանում են Էրդողանի ոդին' Բիլալը, նրա եղբայրը' Մուստաֆան եւ փեսան' Զիա Իլգեն, Մանսիմովի «Փալմալի դենիզչիլիք» ընկերությունից 10 տարով վարձակալել են 17 մլն դոլար արժողությամբ նրա «Մեջիդ Ասլանով» լցանավը (նավը «Մեջիդ Ասլանով» է անվանվել Մուբարիզ Մանսիմվի պապի հիշատակին), որը սեպտեմբերի 1-ից ծով է դուրս գալիս թուրքական դրոշի ներքո' նավթի փոխադրումներ կատարելով Սեւ եւ Միջերակրական ծովերում (Deniz Haber Ajansi): Թուրքական մամուլն էլ հիշեցրել է, որ Էրդողանի մյուս որդին ' Բուրաքը շոգենավագնացության բիզնես ունի:

 

Իսրայել նավթի արտահանման հարցն օրակարգում հայտնվել է կապված Պաղեստինի Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով Էրդողանի հակաիսրայելյան հայտարարությունների հետ: Թուրքական ընդդիմությունն Էրդողանին մեղադրել է անազնվության մեջ, քանի որ նրա որդին զբաղվում է Իսրայել նավթի վաճառքով, որով լիցքավորված իսրայելյան ռազմական ինքնաթիռները ռմբակոծում են Գազան: