ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտը, քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ստեղծել է թեստավորման առցանց ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրը քրեակատարողական ծառայողների ն հնարավորություն է տալու մինչև հաջորդ վերապատրաստումը մնալ տեղեկացված և աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ:

 

Ծրագիրն ունի օգտատիրոջ անվամբ և ծածկագրով մուտքի հնարավորություն դեպի օնլայն թեստավորում, և քրեակատարողական ծառայողը ցանկացած պահի կարող է թեստ անցնել:

 

Իրավաբանական ինստիտուտի www.lawinstitute.am-ում գործող թեստավորման համակարգը կօգնի գնահատել և զարգացնել սեփական գիտելիքները քրեական և քրեակատարողական օրենսդրության վերաբերյալ, մասնավորապես, քրեական օրենսդրության քրեակատարողական համակարգին առնչության, քրեակատարողական համակարգում ուժի գործադրման , կալանավորված անձանց պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և տույժի միջոցների ու դրանց կիրառման կարգի հետևյալ թեմաներով:

 

Թեստավորման վերջում վերապատրաստվողը միայն կտեսնի այն հարցերը, որոնց պատասխանել է սխալ, իսկ ճիշտ պատասխանը կգտնի ինքնուրույն՝ ստանալով հղումը համապատասխան իրավական ակտերի այս կամ այն հոդվածներին:

 

Բացի այն, որ ծրագիրը արդյունավետ է քրեակատարողական ծառայողների համար, այն նաև թույլ է տալիս իրավաբանական ինստիտուտին հետևել ծառայողների թեստավորմանը և արձանագրել, թե վերապատրաստման ո՞ր ոլորտների նյութերի և ծրագրերի վրա է անհրաժետ շեշտադրում անել, զարգացնել դրանք կամ փոփոխության ենթարկել: