Ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքը պաշտոնական բանակցությունների ժամանակ ենթարկվում է էական փոփոխությունների, ինչի վառ վկայությունն էր նախօրեին Սոչիում կայացած հանդիպումը: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: «Մենք Սոչիում կայացած հանդիպման ժամանակ տեսանք, որ Ադրբեջանը, փաստորեն, կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սական մինչ այդ նրանց քայլերը և ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ դրա մասին չէին վկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բեքարյանը:

 

Քաղաքագետը նաև նշեց, որ Սոչիում Ալիևը փորձեց փրկել Ադրբեջանի դեմքը վերջին իրադարձություններից հետո: Սակայն նա կարծում է, որ մենք պետք է առավել քան զգույշ լինենք, քանի որ Ալիև մեկ անգամ չէ, որ խախտել է իր խոստումները: «Այս հանդիպումը, հնարավոր է, որոշակիորեն լիցքաթափեց լարվածությունը, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս սադրանքների չի դիմելու: Ուստի մենք պետք է շատ զգոն լինենք»,- նշեց Բեքարյանը:

 

Բեքարյանը նաև նշեց, որ ՀՀ նախագահի վերջին հարցազրույցից հետո պարզ է դառնում, որ բանակցությունների սեղանին նաև Կազանի փաստաթուղթն է, ինչպես նաև նոր ազդակ կարող է հաղորդվել սահմանային միջադեպերի հետաքննության համար մեխանիզմների ստեղծման գործընթացին: