Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում սեպտեմբերի 6-ին ընդունել է մի խումբ կաթոլիկ ուխտավորների' առաջնորդությամբ Ջենովայի կարդինալ արքեպիսկոպոս Անջելո Բագնեսկոյի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ողջունելով ուխտավորների այցը' Ամենայն Հայոց Հայրապետն առաջին հերթին ընդգծել է Քույր Եկեղեցիների տարբեր թեմերի ու կառույցների կողմից Հայաստան կատարվող նմանօրինակ ուխտագնացությունների կարևորությունը, որոնք մեծապես զորացնում են միջեկեղեցական փոխադարձ կապերը:

 

Նորին Սրբությունը, ներկայացնելով հայ ժողովրդի անցած պատկառելի ուղին, գոհունակությամբ նշել է այն հատկորոշ իրողությունը, թե ինչպիսի կարևոր առաքելություն է ունեցել քրիստոնեությունը հայ ժողովրդի ինքնության կերտման, փրկության և հարատևության գործում, և թե ինչպես հայ ժողովուրդը, քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ պատվախնդրորեն հաղթահարելով իրեն բաժին հասած բոլոր փորձություններն ու արհավիրքները, այսօր անկախ պետականության ներքո կերտում է իր կյանքը:

 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արդյունավետ փոխհամագործակցությանը, որը հատկանշված է եղբայրական ջերմությամբ և զանազան հոգեշահ իրագործումներով:

 

Հանդիպմանը համայն հայության հոգևոր կենտրոն այցի առիթով իր ուրախությունն է արտահայտել կարդինալ Անջելո Բագնեսկոն' ներկայացնելով նաև Հայաստան կատարած ուխտագնացությունից ստացած իր տպավորությունները:

 

Վերջում Նորին Սրբությունը փառաբանական աղոթք է բարձրացրել առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնավորի ողորմածությամբ Քրիստոսի Եկեղեցին մշտապես հարատևի եղբայրասիրության ոգով և համընդհանուր ջանքերով փորձի դիմագրավել ներկա կյանքի բոլոր մարտահրավերները, իսկ մարդկությունը խաղաղ ու երջանիկ կյանքով ապրի ավելի բարվոք ու գեղեցիկ աշխարհի մեջ:

 

Հանդիպմանը ներկա էին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: