Ազգությամբ թուրք բժիշկ Յուսուֆ Սոնմեզը, ով մեղադրվում էր Ադրբեջանում և Կոսովոյում օրգանների ապօրինի փոխպատվաստման մեջ, բերման է ենթարկվել Ստամբուլում: Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները:

 

«Սև վիրաբույժ» Սոնմեզը, ով նաև հայտնի է «Դոկտոր Ֆրանկենշտեյն» և «Յուսուպ» մականուններով, երեքշաբթի օրը երեկոյան վերցվել է կալանքի տակ: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի առավոտյան նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:

 

Առաջին անգամ Սոնմեզի անունը հայտնի է դարձել 1990-թ.ին, երբ նա երեք անգամ կալանավորվել է՝ Թուրքիայում օրգանների ապօրինի փոխպատվաստման համար: 2007թ.-ին նա դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ մարդկային օրգանների փոխպատվաստման մաֆիայի առաջատարը լինելու մեղադրանքով: Պատիժը հետաձգվել է, քանի որ ուժի մեջ է մտել դատավճռի հետաձգման օրենքը, եթե ազատազրկման ժամկետը չի գերազանցում երկու տարին, գրում է «Միլիեթ» թերթը:

 

Մեկ տարի անց «սև թուրք վիրաբույժը» հեռակա կարգով Կոսովոյում դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ կրկին օրգանների ապօրինի փոխպատվաստման համար:

 

Նախորդ տարվա օգոստոսին Սոնմեզի անունն Ադրբեջանում սկսվեց շոշափվել մարդու օրգանների թրաֆիքինգի հետ կապված:
2010 թվականի նոյեմբերին Եվրամիության դատախազությունը մեղադրանք է առաջադրել յոթ կասկածյալի՝ նույն գործով: Նրանց թվում էր նաև թուրք բժիշկը: Ամբաստանյալներն օրգանները ձեռք են բերել Մոլդովայի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքիայի անապահով բնակիչներից 20 հազար դոլարով և փոխպատվաստել դրանք Կանադայի, Գերմանիայի, Լեհաստանի և Իսրայելի քաղաքացիներին 100-137 հազար դոլարով: 2008 թ.-ի ընթացքում կատարվել է օրգանների ապօրինի փոխպատվաստման մոտ 20 վիրահատություն: Սոնմեզի հետ միասին հանցավոր խմբի մեջ են նաև Կոսովոյի վարչապետը և Իսրայելի ու Թուրքիայի բժիշկները: Այս մասին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները:

 

Սոնմեզին կալանավորելու որոշումն ընդունվել է նրա՝ Ստամբուլ վերադառնալուց հետո: