Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի' Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակի պատճառը պարզ է' նա մտածել էր ոչ միայն մեկ՝ Ռոման Վլասովի, այլ բոլոր մրցակիցների հետ մրցապայքարի մասին:

 

Ինչպես Ջուլֆալակյանն ասաց «Արմենպրես»-ի թղթակցին, իր մարզական պարգևների հավաքածուում պակասում է միայն օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, բայց մինչև 2016թվականի օլիմպիադան նաև այլ միջազգային մրցումներ են լինելու: Մոտակա ժամանակ նա կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի այդ երկրի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի առաջնությանը Աալեն քաղաքի KWC ակումբի կազմում:

 

Ջուլֆալակյանը նշել է, որ այսուհետ նա մրցելու է աշխարհի չեմպիոնի կարգավիճակով, ինչն իրեն լրացուցիչ լիցք կհաղորդի:

 

Նա նշեց, որ 4 տարի չէր կարողանում հաղթել օլիմպիական խաղերի, աշխարհի և եվրոպական առաջնությունների վճռական մրցամարտերում, այժմ, հաղթելով Տաշքենդում, ինքն այդ բեռը թոթափել է ուսերից և կպայքարի թեթևացած:

 

Ջուլֆալակյանն ասաց նաև, որ իր համար շատ հաճելի է, որ Հայաստանում մարզիկների աշխատանքը և արդյունքները բարձր են գնահատվում պաշտոնյաների և ժողովրդի կողմից, որ իրենց նկատմամբ միշտ ջերմ վերաբերմունք է ցուցաբերվում:

 

Նա ասաց, որ 2016 օլիմպիական խաղերին որևէ անակնկալի դժվար է սպասել՝ բոլոր հնարավոր մասնակիցները միմյանց լավ են ճանաչում: