Այսօր Հայաստանում 70 մարդ գրանցված են որպես քաղաքացիություն չունեցող անձինք, բայց 200-ից ավելի մարդ չեն գրանցվել, և կասկածելի է, թե դրանք ապաքաղաքացիության ո՞ր աստիճանին են գտնվում: Այս մասին, սեպտեմբերի 24-ին լրագրողներին հայտներց ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը «Քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն. ապաքաղաքացիության կարգավիճակի որոշման ընթացակարգերի ներկայացում» խորագրով կլոր սեղանի ընթացքում: Այն կազմակերպել էր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչությունը՝ ՀՀ ոստիկանության հետ համատեղ:

 

Կլոր սեղանը համընկավ Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման, պաշտպանության տրամադրման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից մշակվող օրենսդրական նախագծի հետ: Այդ նպատակով ՄԱԿ-ը համագործակցում է Ոստիկանության աշխատակիցների հետ՝ օրենսդրական նախագծի մշակման գործընթացում:

 

«Առնվազն 10 միլիոն մարդ աշխարհում ապրում է առանց գրանցված քաղաքացիություն, սակայն միայն 3 միլիոն ունեն քաղաքացիություն չունեցող անձի գրանցված կարգավիճակ: Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց բացահայտում և պաշտպանություն իրականացնելու նպաատակով մշակվել է նոր օրինագիծ, որի կարևորությունը կայանում է նրանում, որ այստեղ բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կստանան քաղաքացիություն: Պատկերացրեք, նրանք երկար տարիներ ապրում են Հայաստանում, և կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենան ստանալ այս երկրի քաղաքացիությունը», - հավելեց Քրիստոֆ Բիրվիրթը:

 

Կլոր սեղանը նվիրված էր Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954 թ. ընդունված Կոնվենցիայի 60-ամյակին, որին Հայաստանը միացել է 1994 թ.: Միջոցառումը նպատակ ուներ հիշեցնել այն միլիոնավոր անձանց գոյության մասին, ովքեր չունեն քաղաքացիություն, թաքնված են ու մոռացված: