UWC Դիլիջան քոլեջի գործունեությունը շատ կարեւոր է Հայաստանի համար եւ միտված է ապագային: Երկրի ապագան կրթված սերունդն է, եւ այդ առումով դպրոցը լուրջ առաքելություն ունի: Գնահատականը դպրոցի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանինն է:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի պաշտոնական բացումից ժամեր առաջ Ռուբեն Վարդանյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում գործընկերներին, ովքեր հավատացին այդ ծրագրին եւ գումար տրամադրեցին դպրոցի կառուցման համար:

 

«Ես խորապես համոզված եմ, որ կրթությունն ազգի, պետության հաջողության հիմքն է: Եթե ազգը կրթված է' ապա այն կարող է լուրջ ձեռքբերումներ գրանցել տնտեսական եւ մնացած ոլորտներում: Հույս ունեմ, որ այս դպրոցը լավ օրինակ կծառայի կրթական նոր չափանիշների համար: Դպրոցը գիտության ու նոր կրթական որակների հիմքը կհանդիսանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Վարդանյանը:

 

UWC Դիլիջան քոլեջի Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում առաջին նման կառույցն է: Ընդունելության առաջին տարին դպրոցն ընդունել է 96 աշակերտի աշխարհի մոտ 50 երկրից: Դիլիջանի միջազգային դպրոցը լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնություն է, շինարարությունն իրականացվում է ավելի քան 200 դոնորների միջոցների հաշվին:

 

UWC Դիլիջան քոլեջում այժմ դասավանդում է 25 ուսուցիչ: Ուսուցումն անգլերեն է եւ իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017 թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը IGCSE ուսումնական ծրագրով: