Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթով անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ պատգամավորների խոսափողն անհիմն անջատելու վերաբերյալ: Իր ելույթում Շարմազանովն ընդգծեց, որ իրենք գտնվում են խորհրդարանում, որտեղ պետք է հանդես գալ միայն խորհրդարանական բառապաշարով:

 

«Ես ձեզ բոլորիդ մի լավ խորհուրդ եմ տալիս. ձեր կանոնակարգով ուրիշի տաճար մի մտեք: Սա խորհրդարան է, այստեղ պետք է հնչի միայն խորհրդարանական բառապաշար: Իսկ եթե պատգամավորը խախտում է կանոակարգ-օրենքը և չի ենթարկվում նիստ վարողին, ապա վերջինս կարող է անջատել պատգամավորի խոսափողը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահն ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, ըստ որի' պատգամավորը պարտավոր է հարգել իր քաղաքական ընդդիմախոսներին և թույլ չտալ վիրավորական արտահայտություններ: Այնուհետև Շարմազանովն ընթերցեց կանոնակարգի 45-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս և չեն ենթարկվում նիստը վարողին. այդ դեպքում վերջինս իրավունք ունի դիտողություն անել պատգամավորին, իսկ այնուհետև, եթե պատգամավորը չի ենթարկվում, կարող է անջատել նրա խոսափողը:

 

«Կարդացեք կա նոնակարգի այս հոդվածները և կհամոզվեք, որ ես ոչ մեկի ազատ խոսքի իրավունքը չեմ խախտել՝ ինչպես դուք եք ասում: Իսկ եթե ձեր պատկերացրած ազատ խոսքը մարդկանց վիրավորելն է, ապա ես ցավում եմ ձեզ համար և պետք է հիշեցնեմ, որ ազատ խոսքն անարխիայից տարբերվում է»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

 

Նա ընդգծեց, որ եթե ոմանց համար մարդկանց հանցագործ անվանելը և շինծու այլ պիտակներ կպցնելը վիրավորական չէ, դա չի նշանակում, որ նման երևույթները վիրավորական չեն բոլորի համար: «Ես ընդունում եմ, որ ոմանց համար նման երևույթները կարող են վիրավորական չլինել. մարդ կա' թքում ես երեսին՝ ասում է' անձրև է գալիս: Սակայն սա չէ ճիշտ ճանապարհը: Տարբերեք վիրավորանքը կիրթ խոսքից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

 

Շարմազանովը դեռ չէր ավարտել ելույթը, երբ տեղից սկսեց արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ պատգամավորին խնդրեց թույլ տալ ավարտել ելույթը, սակայն, տեսնելով, որ անօգուտ է' եզրափակեց ելույթը՝ ավելացնելով. «Գայլի գլխին ավետարան ես կարդում, ասում է' ոչխարները փախան»: