Այս շաբաթվա քաղաքական գլխավոր իրադարձությունները ծավալվում էին խորհրդարանում, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը յուրաքանչյուր հարց, ելույթ օգտագործում էին՝ միմյանց հակադարձելու, վիրավորելու համար: Սա, այս խորհրդարանի ամենալարված քառօրյաներից մեկն էր, ինչը, թերևս, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վաղը սպասվում է Եռյակի երկրորդ հանրահավաքը, որն, ըստ կազմակերպիչների, շատ ավելի զանգվածային է լինելու:

 

Սակայն երեկվանից խորհրդարանը պակաս հետաքրքիր դարձավ, որովհետև Դուբայի կարճատև հանգստից վերադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Սակայն մինչ ընդդիմությանն անդրադառնալն արձանագրեմ, որ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու:

 

Նրա խնամին՝ Հայաստանի նոր ընդդիմության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, այլ կարծիքի է:

 

Մամուլը գրում է, որ անցած օրերին նա եղել է Դուբայում, որտեղ հերթական ավանդական հանգիստն է անցկացրել՝ Հանրապետական խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ու ռուսաստանաբնակ մեծահարուստ մեր հայրենակից Սամվել Կարապետյանի ընկերակցությամբ:

 

Այս Եռյակի հանգիստը նորություն չէ, սակայն այս տարի դա մի փոքր այլ իմաստ է ստանում, որովհետև Ծառուկյանին Երևանում սպասում էր մեկ այլ՝ արդեն ընդդիմադիր Եռյակն, որը պատրաստվում է վաղվա համապետական հանրահավաքին:

 

Արդյո՞ք Դուբայի համատեղ հանգստի ավանդույթի պահպանումը հուշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հռչակած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» առաջին բաղադրիչն ամրագրվում է՝ օլիգարխների կոնսոլիդացիայի ճանապարհով, թե՞ հայրենական ազդեցիկ օլիգարխիայի նման մեկտեղումն ազդանշան է ներհամակարգային միասնության՝ անկախ այն հանգամանքից, որ այսօր ոմանք իշխանության պալատներում են, մյուսները՝ հրապարակներում:

 

Գուցե ավելի անմեղ մի բան է ու ոչ մի քաղաքականություն էլ չկա մի տեղ, որտեղ պարզապես հանգստանում են երեք ընկեր՝ իրենց ընտանիքներով:

 

Ինչևէ, հայաստանյան ընդդիմադիր Եռյակ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ բավականին խոսուն օրակարգով:

 

Տպավորությունն այնպիսին էր, որ «Կանյաչնիում» գտնվող ԲՀԿ գրասենյակը վերածվել է «հեղափոխական շտաբի», որտեղ կենտրոնանում է ընդդիմադիր ողջ ռեսուրսը:

 

Այստեղ էին հրավիրվել Եռյակի անդամ կուսակցությունների ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, առանձին խորհրդակցություն էր ԱԺ-ից գրասենյակ «զորակոչված» ԲՀԿ խմբակցության համար, հետո՝ Եռյակի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել եվրոպական մի քանի դեսպանների հետ:

 

Օբյեկտիվորեն բոլորը սպասում են Գագիկ Ծառուկյանի՝ վաղվա ելույթին, որը նրա կուսակիցներն արդեն «կնքել» են «ծրագրային» խոսուն անունով:

 

Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանն արդեն սպառել են իրենց «հեղափոխական» օրակարգը: Հայաստանյան օրինաչափությունը հուշում է, որ ընդդիմության լիդերն ունի ֆավորիտ լինելու ընդամենը մեկ շանս, մյուս նախագահական ընտրություններում այդ թեկնածուն այլևս եղանակ ստեղծող չէ: Այդպես է եղել Վազգեն Մանուկյանի ու Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

 

Եկել է Ծառուկյանի «հեղափոխության» ժամանակը, որի առանձնահատկությունը, սակայն, այն է, որ հիմա նախընտրական կամ հետընտրական ցիկլ չէ:

 

Ու ԲՀԿ նախագահի ելույթից է կախված շարժման ընթացքն ու հեռանկարը:

 

Արդյո՞ք նա կգնա արտահերթ զարգացումների սցենարով՝ հրաշալի հասկանալով, որ հանդիպելու է իշխանության կտրուկ հակազդեցությանը, թե՞ կգերադասի՝ դանդաղ ընթացքն ու հերթական ընտրություններին նախապատրաստությունը՝ գիտակցելով, որ Հայաստանում ռեսուրսատար ու հոգնամաշ է տևական պայքարը:

 

Ֆալստարատը հղի է «կամ-կամի»-ի վտանգավոր երկընտրանքով, երբ կամ հաջողում ես, կամ՝ կատարելապես ձախողվում:

 

Տևական պայքարը կարող է խզում առաջացնել հարթակի ու հրապարակի միջև՝ բերելով ԲՀԿ առաջնորդի խարիզմայի կորստին:

 

Կա նաև բազմահարթակ ու բազմավեկտոր պայքարի տարբերակը, որն իր մեջ ներառում է զարգացումների ամբողջ զինանոցը՝ իշխանության հետ երկխոսությունից սկսած ու արտահերթ զարգացումներով վերջացրած:

 

Ես մոտավորապես ենթադրում եմ՝ ինչ եմ լսելու վաղը ու չեմ կարծում, թե շաբաթ առավոտյան արթնանալու եմ նոր Հայաստանում, սակայն քաղաքական էթիկայի կանոններից ելնելով՝ գերադաում եմ մեկ օր սպասել:

 

 

Սուրեն Սուրենյանց