Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելու հարցը կքննարկի դեկտեմբերի առաջիկա քառօրայի ընթացքում, եթե որևէ բան չխախտվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Դա մեծապես կախված կլինի Սահմանադրական դատարանից: Եթե ինչ-որ բան չխախտվի, ամենայն հավանականությամբ, Ազգային ժողովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը կքննարկի դեկտեմբերի առաջին քառօրյայի ընթացքում»,- նշեց Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը Սահմանադրական դատարանում է, որը պետք է ուսումնասիրի պայմանագիրը և եզրակացություն տրամադրի դրա՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցի համար արտահերթ նիստ չի հրավիրվելու, այլ քննարկվելու է հերթական քառօրյա նիստի ընթացքում:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից, իսկ մինչ այդ ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանները պետք է վավերացնեն կառույցին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: