ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հավանականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուրլիքը հայտարարել է APA-ին տված հարցարզույցում:

 

«Մենք Բազելում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարական ամենամյա հավաքի շրջանակում կհանդիպենք նաեւ հակամարտության կողմերի ԱԳՆ ղեկավարների հետ: Շարունակելու ենք հանդիպումները նաեւ այդ մակարդակում», -ասել է նա:

 

Ամերիկացի համանախագահը խիստ կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները: «Նախագահների հանդիպումները նպաստում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ նրանք պետք է շարունակվեն: ԱՄՆ-ի անունից կարող եմ ասել, որ մենք ակնկալում ենք, որ նախագահները կհանդիպեն պարբերաբար: Շատ կարեւոր է զարգացնել Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած երկխոսությունը», -ասել է Ուորլիքը:

 

2014թ. ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ' օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին' Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ եւ հոկտեմբերի 27-ին Փարիզում' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ: