Երևանում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել նաև մայրաքաղաքի նորակառույց այգիները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների ու մայրաքաղաքի բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև վերջերս շահագործման հանձնված Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգում:
Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հստակ քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ նշված այգին վերակառուցելու և այն իրենց համար իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար:
Քաղաքապետն էլ իր հերթին հորդորել է նրանց մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին. «Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է անձամբ հետևի մեր քաղաքի մաքրությանը, նաև նպաստի կանաչ տարածքների պահպանմանն ու ավելացմանը: Այսօր նաև համաքաղաքային շաբաթօրյակ է, միջոցառում, որը տարին մի քանի անգամ կազմակերպում ենք: Սակայն փաստ է, որ աշխարհի և ոչ մի քաղաք միայն մաքրելով ու պարբերաբար կազմակերպվող շաբաթօրյակներով չի կարող մշտապես մնալ մաքուր:
Մաքուր քաղաք ունենալու գլխավոր նախապայմանը քաղաքը միշտ մաքուր պահելն է, սրտացավ վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Կասկած անգամ չունեմ, որ Երևանի յուրաքանչյուր բնակիչ մեր քաղաքին վերաբերվում է որպես տան: Եվ այդ համոզմունքով էլ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին ու պահպանել մաքրությունը: Ու ես վստահ եմ, որ մենք միասին մի օր առանձնակի կհպարտանանք մեր քաղաքի մաքրությամբ՝ այն ներքին զգացումով, որ դրանում կա նաև մեզանից յուրաքանչյուրի լուման»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ քաղաքապետը այցելել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին ևս մասնակցել է ծառատունկի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն