Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Ղրիմ' այնտեղ ղրիմցի թաթարների դրության հետ կապված հարցը ուսումնասիրելու համար:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայք ը' նշելով, որ Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է Կիեւում Ուկրաինայի իր գործընկեր Պավել Կլիմկինի հետ հրավիրած մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքով' Թուրքիան բազմիցս հայտարարել է այն մասին, որ չի պաշտպանում Ղրիմի միակցումը Ռուսաստանին, բայց «դրա պատճառով ժողովուրդը չպետք է տուժի»:

 

Ընդ որում, Չավուշօղլուն հայտնել է, որ Ղրիմի հարցում թուրքական իշխանությունները մտադիր են աշխատել Կիեւի պաշտոնական անձանց հետ' «օգտվելով նրանց հուշումներից»: Նա պատմել է, որ Թուրքիան մշտապես քննարկում է ղրիմցի թաթարներին օգնելու հնարավորությունները' օգտագործելով Զարգացման հարցերով թուրքական գործակալության, ինչպես նաեւ Կրոնական հարցերով վարչության հնարավորությունները: