Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան կողմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
«Մենք չենք կասկածում Ասադի տապալմանը», -ասել է Չավուշօղլուն' Թուրքիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Չավուշօղլուն ասել է, որ Սիրիայի ճգնաժամի հարցում Ասադի հեռանալու անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ տեսակետների տարբերություն չկա, կա միայն կատարվելիք քայլերի հետ կապված տարբեր մոտեցումներ: Չավուշօղլուն նշել է, որ «Ասադին տապալելու գծով հստակ քաղաքականություն դեռեւս գոյություն չունի»:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը տատանվում է Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն անցկացնելու հարցում:
Մի շարք դաշնակից երկրների' այդ թվում արաբական, աջակցությամբ ԱՄՆ-ը սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ է սկսել Սիրիայում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) դիրքերի վրա: Օգոստոսից նման գործողություններ են անցկացվում նաեւ Իրաքում: Ընդ որում, ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում առանց սիրիական իշխանությունների թույլտվության: Վաշինգտոնը պաշտպանում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻԼԻՊ-ի մարտիկների դեմ:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն այս տարվա ամռանը «խալիֆայություն» Է հռչակել Սիրիայում եւ Իրաքում զավթած տարածաշրջաններում: ԻԼԻՊ-ի մարտիկների գազանային գործողությունների հետեւանքով զոհվել են մի քանի հազար խաղաղ բնակիչներ, հարյուր հազարավորները փախստական են դարձել եւ եւս մի քանի հազար մարդ գտնվում է գերության մեջ:
Թուրքական եւ միջազգային ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ Թուրքիան ԻԼԻՊ-ին աջակցում է ինչպես ֆինանսապես, այնպես էլ զենքով եւ զինամթերքով: Թուրքիան իր տարածքում կենտրոններ է բացել ԻԼԻՊ-ի շարքերում կռվելու նպատակով տարբեր երկրներից, այդ թվում' Ադրբեջանից ժամանած կամավորներին ուսուցանելու եւ Սիրիա ու Իրաք ուղարկելու համար: