
Անկարայում ընթանում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում թուրք և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև Սիրիայի ընդդիմադիր «Ազատ Սիրիայի բանակ» կազմակերպությանը զինելու և պատերազմի պատրաստելու բանակցությունների եզրափակիչ փուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Կողմերը պետք է վերջնական որոշում ընդունեն այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմության մարտիկների թվաքանակի և Թուրքիայում նրանց պատրաստման վայրերի մասին, որոնք ենթադրվում է օգտագործել ինչպես Սիրիայի կառավարական զորքերի, այնպես էլ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների դեմ պայքարի համար:
Թուրքիայի ռազմական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ խոսքը կենտրոնական Թուրքիայի Քըրշեհիր նահանգի ժանդարմերիայի ուսումնական կենտրոնում 2000 մարտիկների պատրաստման մասին է: Զենքի և սպառազինության մեծ մասը կհատկացնի ԱՄՆ-ն, որը նաև պետք է փոխհատուցի «Ազատ Սիրիայի բանակի» զինվորների ուսուցման ծախսերը և նրանց պատրաստելու համար Թուրքիա ուղարկեն իրենց ռազմական խորհրդատուներին: