
Անկարայում ընթանում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում թուրք եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ Սիրիայի ընդդիմադիր «Ազատ Սիրիայի բանակ» կազմակերպությանը զինելու եւ պատերազմի պատրաստելու բանակցությունների եզրափակիչ փուլը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կողմերը պետք է վերջնական որոշում ընդունեն այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմության մարտիկների թվաքանակի եւ Թուրքիայում նրանց պատրաստման վայրերի մասին, որոնք ենթադրվում է օգտագործել ինչպես Սիրիայի կառավարական զորքերի, այնպես էլ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների դեմ պայքարի համար:
Թուրքիայի ռազմական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ խոսքը կենտրոնական Թուրքիայի Քըրշեհիր նահանգի ժանդարմերիայի ուսումնական կենտրոնում 2000 մարտիկների պատրաստման մասին է:
Զենքի եւ սպառազինության մեծ մասը կհատկացնի ԱՄՆ-ն, որը նաեւ պետք է փոխհատուցի «Ազատ Սիրիայի բանակի» զինվորների ուսուցման ծախսերը եւ նրանց պատրաստելու համար Թուրքիա ուղարկեն իրենց ռազմական խորհրդատուներին: