Թուրքիան եւ Ադրբեջանը «Թուրանի բանակ» կոչված թուրք-մահմեդական ռազմական միավորում են ստեղծում, որի առաջին քայլերի ձայնը հնչեց Նախիջեւանից' երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ այդ Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացված զինավարժանքների ժամանակ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ զինավարժանքներին ներգրավված են եղել Առանձին համազորային բանակի զորամասերի եւ զորամի ավորումների անձնակազմը, ավիացիայի, հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռային եւ հրետանային զորքերի ուժերն ու միջոցները, այդ թվում' ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր զրահատեխնիկան: Զինավարժությունների նպատակը Նախիջեւանում տեղակայված զինվորական մասերի մարտական պատրաստվածության մակարդակը, մարտական տեխնիկայի, ինչպես նաեւ ժամանակակից զենքի կիրառման հնարավորությունների ստուգումն էր:

 

«Ենի Մուսավաթ» թերթն այդ կապակցությամբ գրում է, որ Հայաստանի հետ սահմաններում զինավարժանքների անցկացումը արդյունք է այն բանի, որ վերջին շրջանում Ադրբեջանի հետ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններում քաղաքական-տնտեսական համագործակցության հարցերին զուգահեռ քննարկվել են նաեւ համատեղ զինավարժանքներ անցկացնելու հարցեր:

 

Ըստ թերթի, Թուրքիան «անհանգստացած է» Սիրիայից փախստական հայերի եւ քրդերի' Լեռնային Ղարաբաղում տեղավորվելու հնարավորությամբ: «Այդ պատճառով էլ Թուրքիան ցանկանում է, որպեսզի զինավարժանքների ժամանակ «մտնեն, դուրս գան» գաղթի շրջաններ, կամ այնտեղ «հրթիռներ նետվեն», որպեսզի Ղարաբաղ գաղթածները հասկանան, որ այնտեղ հանգիստ չէ, ինչով, նվազագույնը, կդադարեցվի նրանց գաղթելու ցանկությունն ու գործընթացը:

 

Թերթն ավելի վաղ գրել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Մոնղոլիան նախաձեռնում են այսպես կոչված «Թուրանի բանակ» (TAKM) ստեղծել: TAKM-ի նախագահությունը Թուրքիայում է, իսկ շտաբը երեք ամիս առաջ Անկարայից տեղափոխվել է Բաքու: Ինչի պատճառն, ըստ թերթի, Ուկրաինայում ընթացող եւ Ադրբեջանին «սպառնացող» ռուսական «ագրեսիայի» դեմ ուղերձ հղելն է…

 

Թերթը հայտնում է, որ այդ բանակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ կամ էլ պարտիզանական պատերազմ մղելու պատրաստ խմբեր ունի, եւ առայժմ այդ գործողությունները չեն սկսվում, քանի որ Ադրբեջանը «դեռեւս զգուշանում» է Ռուսաստանից: Նախիջեւանում անցկացված զինավարժանքները թերթը գնահատում է որպես «Թուրանի բանակի» առաջին «ռազմական մանեւր»:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Թուրանի բանակին» միանալու ցանկություն է հայտնել Ղազախստանը, ինչի համար ապրիլի 21-ին այդ երկրի պաշտպանության նախարար Սերիկ Ահմետովը կայցելի Ադրբեջան' քննարկելու TAKM-ի հետ կապված հարցեր: