Եվրամիությանը միանալու դեպքում Թուրքիան կարող է 60-հազարանոց բանակ տրամադրել այդ կառույցին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Անկարայում Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը' կապված ԵՄ-ում բանակ ստեղծելու վերաբերյալ հնչող առաջարկությունների հետ:
«ԵՄ-ն մինչ աժմ չունի իր սեփական բանակը, եւ դա է պատճառը, որ այդ կառույցը թույլ ուժ է հանդիսանում: Առանց բանակի հնարավոր չէ դառնալ գերուժեղ: Եթե Թուրքիան ԵՄ անդամ լիներ, ապա կառույցին 60-հազարանոց բանակ կտրամադրեր», -ասել է թուրք նախարարը:
Մարտի 8-ին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ անհրաժեշտ է միասնական բանակ ստեղծել ԵՄ-ի համար: Այդ գաղափարը հավանության էր արժանացրել նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Գերմանիայի ընդդիմությունը քննադատել էր ԵՄ-ի համար միասնական բանակ ստեղծելու այդ գաղափարը: