Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է բոլոր հարցերում աջակցել եւ պաշտպանել եղբայրական Ադրբեջանին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասի հակամարտություններին, Չավուշօղլուն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակում» հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսի «հիմնական առաջնություններից» մեկը:

 

«Համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես' ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ը պետք է բազմապատկեն ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների լուծման համար», -ասել է Չավուշօղլուն:

 

Նրա խոսքով' որպես Մինսկի խմբի անդամ, Թուրքիան բազմակողմանի հարթակներում եւ երրորդ երկրների հետ շփումներում «մշտապես բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության թեման, որը համարում է իր խնդիրը»:

 

«Մենք այսուհետեւ եւս շարունակելու ենք միջազգային հանրությանը տեղեկացնելու եւ այդ խնդիրը եղբայրական Ադրբեջանի շահերին համապատասխան արագ լուծելու գծով մեր գործունեությունը», -ասել է նա:

 

Չավուշօղլուն նաեւ հայտարարել է, որ Հարավային Կովկասը, Միջերկրական եւ Սեւ ծովերի ավազանները մշտապես մեծ նշանակություն են ունեցել Թուրքիայի համար: