Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը հայտարարել է, որ Իրաքի մասնատման դեպքում անկախ Քուրդիստանի պետություն ստեղծվելու մեջ Անկարան իր համար վտանգ չի տեսնում: Այս մասին ասել է Չելիքը ԱԶԿ-ի Financial Times թերթին տված հարցազրույցում: «Նախկինում անկախ Քուրդիստանի թեման, ագամ «Քուրդիստան» բառը Թուրքիայի համար պատերազմի պատճան էր համարվում: Բայց այդ, տարածքը Քուրդիստանն է եւ դա պետք է ընդունել: Եթե Իրաքը մասնատվի, ինչն անխուսափելի է, անկախ Քուրդիստանը մեր եղբայրն է»,-ասել է Չելիքը' նկատել տալով, որ նման դեպքում, Թուրքիան կճանաչի Քուրդիստանի անկախությունը:

 

Financial Times-ը գրում է, որ ներկայում Թուրքիան փայատեր է դարձել Իրաքի քրդական ինքնավարությանը պատկանող նավթային ընկերություններում, եւ նրա հետ համագործակցում է մի շարք տնտեսական բնագավառներում: Թերթը գրում է, որ Թուրքիան ողջունում է Քուրդիստանի ստեղծումը նաեւ այն պատճառով, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման հայտարարած խալիֆայության եւ իր միջեւ Քուրդիստանը կարող է «բուֆերային գոտի» լինել' դրանով կանխելով իրաքցի ահաբեկչների մուտքը Թուրքիա:

 

Անկախ Քուրդիստանի պետություն ստեղծվելու հնարավորությունը BBC-ի հետ զրույցում պաշտպանել է նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հայտարարել է, որ քրդերը ռազմիկ ժողովուրդ են, ովքեր ապացուցել են իրենց քաղաքական չափավորությունը եւ վաստակել են սեփական պետությունն ունենալու իրավունքը: Իսրայելցի վարչապետը նաեւ նշել է, որ իր երկիրը պաշտպանելու է նաեւ Հորդանանին, որպեսզի խոչընդոտի իսլամիստներին զավթել այդ երկիրը եւ դրանով կանխելու է Իսրայելի համար ԻԼԻՊ-ից եկող սպառնալիքը:

 

Քուրդ զինվորները Հյուսիսային Իրաքում վերջին օրերին տեղի ունեցած կատաղի մարտերից հետո իրենց վերահսկողության տակ են վերցրել նավթով հարուստ Քիրքուկ քաղաքը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնել է, որ ԻԼԻՊ-ը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «Իսլամական խալիֆայություն» ստեղծվելու մասին:

 

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»-ը Իրաքում եւ Սիրիայում գործող իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է: Լեւանտը (հին ֆրանսերենով' «արեւածագ») Միջերկրական ծովի արեւելյան մասում պատմական նահանգ է, այն ընդգրկում է Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Եգիպտոսի, Թուրքիայի, Կիպրոսի տարածքները: Արաբները այդ տարածքը անվանում են «աշ-Շամ»: