ԵԱՀԿ-ի դիտորդները Ուկրաինայի արեւելքում տիրող իրադրությունը գնահատում են՝ լարված եւ շարունակում են գրանցել զենքի կիրառման եւ տեղափոխման առանձին դեպքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է առաքելության հերթական ամենօրյա զեկույցում, որը հրապարակված է կազմակերպության կայքում: Այն նաեւ հաղորդել է ուկրաինացի զինվորականների կողմից պահակակետում իր մի խումբ աշխատակիցների բռնելու մասին:

 

Հաշվետվության մեջ նաեւ տվյալներ կան «ծանր սպառազինությամբ» եւ առանց տարբերանշանների երկու ավտոշարասյան վերաբերյալ Դոնեցկից արեւելք ընկած շրջանում, որոնք շարժվում էին «արեւմտյան ուղղությամբ»: Ընդսմին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԵԱՀԿ-ի աշխատակիցները եզրակացություններ չեն անում տեխնիկայի հնարավոր պատկանելության մասին:

 

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, հանրապետության ղեկավար Պորոշենկոն եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Դոնբասի իրադրությունը, նահանջ են արձանագրել Մինսկի համաձայնությունների իրագործումից:

 

«Պյոտր Պորոշենկոն եւ Ջոզեֆ Բայդենը նահանջ են արձանագրել Մինսկի պայմանավորվածությունների իրագործումից, ինչը տանում է հետագա էսկալացման»,- նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

 

Բայդենը նշել է, որ Ռուսաստանը կարող է «ավելի մեծ գին» վճարել Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի համաձայնությունները չկատարելու համար:

 

Կողմերը քննարկել են նաեւ Բայդենի՝ նոյեմբերի 21-ին Ուկրաինա կատարելիք այցը: