Ուկրաինայի արևելքում հակամարտության կողմերը չեն ավարտել ծանր սպառազինության հետքաշումն անվտանգության գոտուց, չնայած հանրային հայտարարություններին: Այդ մասին ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Բացի այդ, նրանց տվյալներով, ինչպես Կիևի, այնպես էլ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից հետքաշված տեխնիկայի մի մասը տեղափոխվել է դրանց գտնվելու վայրերից:

 

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը հայտարարել է, որ ներկայումս Շիրոկինոյի իրադրությունը կարելի է գնահատել աղետալի: «Իրադրությունն աղետալի է, չկա խմելու ջուր, էլեկտրականություն, սննդամթերք և դեղորայք»,- հայտնել է նա:

 

Ռուս-ուկրաինական սահմանի «Գուկովո» և «Դոնեցկ» սահմանապահ կետերում աշխատող ԵԱՀԿ-ի դիտորդները վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինա վերադարձող մարդկանց թվի կրկնակի աճ են գրանցել: