Ուկրաինայի արեւելքում հակամարտության կողմերը չեն ավարտել անվտանգության գոտուց ծանր սպառազինությունների հետքաշումը, չնայած հնչող հրապարակային հայտարարություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են կազմակերպության կայքում հրապարակված հաշվետվության մեջ:

 

Բացի այդ, նրանց տվյալներով, ինչպես Կիեւի, այնպես էլ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից հետքաշված տեխնիկայի մի մասը տեղափոխվել է դրանց գտնվելու վայրերից:

 

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը հայտարարել է, որ ներկայում Շիրոկինոյի իրադրությունը կարելի է գնահատել աղետալի: «Իրադրությունն աղետալի է, չկա խմելու ջուր, էլեկտրականություն, սննդամթերք եւ դեղորայք»,- հայտնել է նա:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ռուս-ուկրաինական սահմանի «Գուկովո» եւ «Դոնեցկ» սահմանապահ կետերում աշխատող ԵԱՀԿ-ի դիտորդները վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինա վերադարձող մարդկանց թվի կրկնակի աճ են գրանցել: