Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Կողմերը պետք է զերծ մնան իրավիճակի հետագա սրումից և բացառեն պատերազմը որպես տարբերակ»,- գրել է Ուորլիքը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք և ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել ու կատարվածը դատապարտել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: