Հայաստանը կարող է դառնալ գիտաարտադրական միավոր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մոդերնիզացիայի ծրագրի մշակումը և այդ երկրների համար դառնա յուրօրինակ հնոց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և հավելեց, որ վերը նշվածին հասնելու համար պետք է վերականգնել որակյալ համալսարանական՝ ինժեներական և մանկավարժական կրթությունը։

 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով՝ մենք պետք է ստեղծենք մշակութային հայեցակարգ։ «Մեր մշակույթը ոչ եվրոպական է, ոչ էլ ռուսական, մենք առանձին մշակութային ընտանիք ենք, և այն չպետք է ոտնահարվի ԵՏՄ շրջանակներում, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միշտ փորձել է գովազդել իր մշակույթը, իր լեզուն»,- ասաց Շիրինյանը։

 

 

2014թ. հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը:

 

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: