Այսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:
Քննարկմանը ներկա՝ քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի խոսքով՝ արցախյան հիմնահարցը լրիվ տեղավորվում է հակագաղութատիրական պայքարի՝ 1960 թվականի դեկտեմբերի 14-ի՝ ՄԱԿ-ի հայտնի բանաձևի տրամաբանության շրջանակներում, ըստ որի, ԼՂ-ն իր անկախությունը հռչակել է նաև գաղութատիրական լծից ազատվելու նպատակով:
Ըստ նրա՝ ԼՂՀ-ը կարելի է միացնել Հայաստանին՝ մարզի կարգավիճակով, բայց միջազգային իրավունքի հարց կա, իսկ երկրորդ տարբերակով՝ կարող ենք դաշնային պետություն ստեղծել. պայմանագրով իրար են միանում: Այսպես կարող ենք ավելի հեշտ տեղավորվել միջազգային իրավունքի մեջ:
«Ես կարծում եմ՝ մեր պատմական ճակատագիրն այնպիսին է, որ մենք կունենանք Նախիջևանի, ինչպես նաև Ջավախքի հարց, քանի որ Վրաստանում հայաթափման և ուծացման գործը շատ արագ է ընթանում: Մենք Արցախի և Հայաստանի միավորման հարց կարող ենք ունենալ, բայց ֆեդերալ պետությունը շատ ավելի լավ տարբերակ է: Պայմանագիրը կնքում են և վերջ: Ինձ թվում է՝ միջազգային իրավունքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, բայց մի պարագայում. եթե համապատասխան ուժ ունենանք»,- ասաց Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի՝ սա սկզբունքային հարց չէ, այլ իրադրության թելադրանք, բայց ինքը Հայաստանը պատկերացնում է դաշնային ապագայի մեջ:
Հիշեցնենք, որ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը նույն քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել, որ պետք է միահամուռ ուժերով անեն այնպես, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա: