Լրատվական կայքերով շրջելիս ակամա հանդիպեցի մի հետաքրքիր հրապարակման, ուր խոսվում էր Հայաստանում բոլոր տեսակի հանրային փոխադրամիջոցների ուղևորների թվի մասին: Պարզվում է՝ համաձայն համապատասխան վիճակագրության՝ մեր երկրում անցած տարվա հունվար-նոյեմբերին բոլոր տեսակի հանրային փոխադրամիջոցների ուղևորների թիվը 7.4%-ով կրճատվել է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որուղևորությունների թիվը նվազել է 15.3 մլն միավորով: Համաձայն միևնույն վիճակագրության՝2.2 մլն-ով կամ 18.8%-ով նվազել է տաքսիներով ուղևորությունների քանակը: Սակայն ամենամեծ անկումը, պարզվում է, գրեթե 13.0 մլն ուղևորություն կամ 7.5%, ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտին է բաժին ընկնում (հաշվի չառած տաքսին): Ճգնաժամը չի շրջանցել նաև օդային տրանսպորտը: Ավիաուղևորների քանակը նոյեմբեր-դեկտեմբերին կրճատվել է գրեթե 170 հազարով կամ 8.8%-ով: Թե հատկապես ինչի հետ է այս ամենը կապված, տարբեր մասնագետներ հնչեցնում են միմյանց հակառակ կարծիքներ, սակայն մեր համոզմամբ՝ այս ամենը վկայում է մի շատ ցավալի իրողության մասին ևս. Հայաստանն օր օրի դատարկվում է:

 

Այն, որ արտագաղթի թեման ամենաշատ չարչրկված թեմաներից մեկն է Հայաստանում, անհերքելի է: Այս մասին խոսվել է շատ, գրվել՝ ավելի շատ: Բայց ամեն անգամ, երբ հանդիպում ես դրա ահագնացող ծավալները հաստատող փաստերի կամ վիճակագրական տվյալների, կրկին ցանկություն է առաջանում անդրադառնալ արտագաղթի խնդրին: Չնայած Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոնից ավելի է, սակայն հասկանալի է, որ երկրում փաստացի առկա բնակչության թվաքանակը 2.7 միլիոնից չի կարող անցնել: Թե ներկայումս որքան է կազմում Հայաստանի իրական բնակչության թվաքանակը, որևէ մեկը չի կարող ասել. հազարավոր մարդիկ, շարունակելով գրանցված մնալ Հայաստանում, բնակվում են օտար երկրներում:

Համապետական ընտրություններին մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ ընտրացուցակներով, ցավոք, ևսհնարավոր չէ իրականությանը մոտ պատկեր ստանալ, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենցայդ ուռճացված ընտրացուցակներով է նաև օրվա իշխանությունը կեղծում ընտրությունների արդյունքները (հանրաքվեն ձեզ խոսուն օրինակ): Իսկ արտագաղթի պատճառները, ինչպես հասկանում եք, բազմաթիվ են՝ սկսած հոգեբանականից մինչև տնտեսական, իրավականից մինչևքաղաքական: Որքան էլ կառավարությունը խոսի այն մասին, թե երկրում ընդհանուր մթնոլորտի դրական փոփոխություն է նկատվում, փաստը մնում է փաստ, որ սոցիալական բևեռացումը ՀՀ-ում խորանում է օր օրի, ինչի մասին քաջատեղյակ են վերևներում, սակայն լռում են՝ հասկանալով, որ իրենք իրական դեղատոմս չեն կարող առաջարկել հայրենիքին՝ կանխելու այն վերահաս աղետը, որ սպառնում է բոլորին: Սոցիալական արդարության բացակայությունը, կոռուպցիայի դեմ մղվող վերացական պայքարը և սոցիալական խորը բևեռացումը քաղաքացիներին ստիպում են փնտրել բնակության համար ավելի պիտանի տարածքներ, ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք: Իսկունեցածներս մի մեծ բան չէ՝ օրեցոր ամայացող Հայաստան, թշվառության ճիրաններում մի կերպ գոյապայքար մղող ժողովուրդ, և այս ամենի ֆոնին՝ կերած-խմած չինովնիկներ, որոնք իրենց ունեցվածքը դիզել են բացառապես աղքատներին թալանելով ու հարստահարելով՝ առանց մտավախության, որ կարող են ենթարկվել պատասխանատվության… Նրանց, որոնց ապաշնորհության արդյունքում Հայաստանը դատապարտվել է այս վիճակին, պետք է պարզ լինի մեկ բան, որ երկրում իշխող այս գաղջ մթնոլորտը, ինչի արդյունքում էլ հենց տեղի է ունենում արտագաղթ,չի կարող բխել նույնիսկ իրենց անձնական գրպանային շահերից, քանի որ որքան փոքր է երկրի բնակչության թիվը, այնքան դանդաղ է զարգանում տնտեսությունը, որի հիմնական դերակատարներից շատերը հենց իրենք են:

 

Քանի դեռ ինչ-որ բան կա փրկելու, հարկավոր է գործել արագ ու չհապաղել օր առաջ քայլեր ձեռնարկել, որոնք ինչ-որ կերպ կարող են իրավիճակ փրկել: Իսկ այդ քայլերից կարևորագույնը երկրում գոնե ինչ-որ չափով սոցիալական հավասարության ապահովումն է, արդարության հաստատումը, երբ անտեսված չէ մարդը, երբ նա չի շահագործվում այս կամ այն բիզնեսմենի կողմից, երբ պաշտպանված են նրա տարրական իրավունքները: Թե երբ մեզ կհաջողվի այս ամենին հասնել, այդպես էլ անհայտ է մնում, բայց դատելով երկրում ընթացող գործընթացներից՝ կարելի է հաստատ պնդել, որ նման վիճակը դեռ երկար կտևի:



Դավիթ Բաբանով