Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ համաշխարհային շուկայում նավթի գներն 80 դոլարից իջնելու հետ կապված Ադրբեջանի նավթի հիմնադրամի օրական կորուստն անցնում է 110 մլն դոլարից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի տնտեսագետը հայտարարել է «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում:

 

Նրա խոսքով' նավթի համաշխարհային գների անկումից Ադրբեջանի նավթի հիմնադրամի այդչափ մեծ կորուստը նաեւ պայմանավորված է Ռուսաստանի արտարժույթի' ռուբլու էժանացման հետ, քանի որ այն ազդում է հիմնադրամի' Ռուսաստանում պահվող ակտիվների վրա:

 

«Ադրբեջանի նավթի հիմնադրամը Ռուսաստանի ՎՏԲ բանկում 500 մլն ռուբլու չափով բաժնետեր է: Բաժնետոմսերի արժեզրկման գործընթացը նվազեցնում է Ռուսաստանում Ադրբեջանի ներդրումների եկամտաբերությունը: Այսինքն, փաստորեն, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռեսուրսներ է կորցնում Ռուսաստանի ազգային արժույթի արժեզրկումից: Համաշխարհային շուկայում նավթի գնի էժանացումն, անխոս, նվազեցնելու է Ադրբեջանի եկամուտները: Նավթի գնի 110 դոլարից 84 դոլար ընկնելն Ադրբեջանի համար օրական 110 մլն դոլար կորուստ է նշանակում: Կորուստներն ամեն օր գնալով ավելի են մեծանում»,- ասել է Իբադօղլուն:

 

Ադրբեջանցի տնտեսագետի կարծիքով' նավթի վրա հիմնված տնտեսություն ունեցող Ադրբեջանի համար եկամուտների նվազումը կառավարությանը հարկադրելու է առաջին հերթին նվազեցնել մի շարք ներդրումային ծախսեր:

 

Ադրբեջանի պետական բյուջեն մոտ 90 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների և նավթամթերքների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 2014 թվականի պետբյուջեում նավթի մեկ բարելի դիմաց գինը սահմանված է 100 ԱՄՆ դոլար: