Հարավային Կորեայի դատարանը նոյեմբերի 20-ին 10 տարվա բանտարկության Է դատապարտել ապրիլի 16-ին խորտակված «Սեւոլ» լաստանավի գործարկու ընկերության ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Դատարանը Chonghaejin Marine նավագնացային ընկերության ղեկավար Կիմ Հան Սիկին մեղավոր Է ճանաչել ողբերգության մեջ, որի հետեւանքով զոհվել Է շուրջ 300 մարդ, ասված Է «Ֆրանսպրես» գործակալության հաղորդագրության մեջ: Գործի նյութերում, մասնավորապես, նշվում Է, որ Հան Սիկը բազմիցս թույլ Է տվել շահագործել նորմայից ավելի բեռնված լաստանավը եւ հավանություն Է տվել նավի անօրինական վերափոխմանը՝ ուղեւորների տեղերի թվաքանակն ավելացնելու համար:

 

Նոյեմբերի 11-ին «Սեւոլ» լաստանավի հրամանատարը դատապարտվել Է 36 տարվա բանտարկության: Ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել Էր մահապատժի դատապարտել նավապետին:

 

69-ամյա նավապետ Լի Չուն Սոկին ու նավի անձնակազմի մի քանի այլ անդամների մեղադրանքներ Էին առաջադրվել սպանության մեջ: Հետաքննության վարկածով՝ ուղեւորների տարահանումը կազմակերպելու փոխարեն, մեղադրյալները նրանց կարգադրել Էին մնալ նավախցերում, իսկ իրենք առաջինների թվում լքել Էին նավը:

 

«Սեւոլ» լաստանավը ջրասույզ Է եղել այս տարվա ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափերի մոտ, ինչի հետեւանքով զոհվել Է 295 մարդ: Ընդամենը խորտակման պահին նավում եղել Է 476 մարդ, ըստ որում ինն ուղեւորների մարմինները մինչ օրս չեն գտնվել:

 

Հարավային Կորեայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել Է խորտակված «Սեւոլ» լաստանավում որոնողական-փրկարարական աշխատանքները դադարեցնելու մասին: Մինչ օրս անհայտ համարվող ուղեւորների ընտանիքները համաձայնել են իշխանությունների փաստարկներին, որոնք անհնարին են համարում շարունակել փաստորեն սառցե ջրում քայքայվող լաստանավի հետազոտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: