Ֆրանսիայի Վալանս քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կստորագրվի Բարեկամության հռչակագիր:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Վալանսի քա ղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

 

 

Հանդիպման ընթացքում Նիկոլա Դարագոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

 

 

Շնորհակալություն հայտնելով Նիկոլա Դարագոնին այս նախաձեռնության համար' նախարարը վերջինիս է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի' Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը:

 

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի փոխքաղաքապետ Անի Կուլակսեզյան-Ռոմին, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 

Նույն օրը ԼՂՀ մշակույթի նախարարը, Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետերը ներկա են գտնվել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրից բխող մշակութային փոխգործակցության շրջանակներում կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին' Բուրգ լե Վալանսի Ռոնի թատրոնի դահլիճում: