«Վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանը տրամադրված են վերջնական համաձայնության հասնելու Վիեննայի հանդիպմանը, բայց բանակցություններում պահպանվում են բազմաթիվ բարդություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:

 

«Չնայած բազմաթիվ բարդություններին, գերիշխում է համաձայնության հասնելու տրամադրվածությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ընդսմին նա հերքել է այն հաղորդագրությունները, թե բանակցությունները կձախողվեն: «Մի՛ հավատացեք»,- ասել է նա՝ մեկնաբանելով դրանց ձախողման վերաբերյալ պնդումները:

 

Նոյեմբերի 23-ին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակցի՝ Ջավադ Զարիֆի հետ կայացած հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոուհանին նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց կանցկացնեն:

 

Զարիֆի եւ Լավրովի հանդիպումը Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում ընթացել է մամուլի համար փակ դռների հետեւում:

 

Բանակցությունների ընթացքին իրազեկ աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Իրանը եւ «վեցյակը» կիրակի օրը ձախողել են դրանք, փաստաթուղթը սահմանված ժամկետում չի համաձայնեցվի: «Համաձայնության հասնել չհաջողվեց, մոտեցումների տարբերություններն առայժմ անհաղթահարելի են»,-ասել է նա:

 

Աղբյուրը նաեւ նշել է, որ բանակցությունների երկարացման հարցը լուծված է, խոսքը վերաբերում է ամիսների:

 

Լավրովը Վիեննայում հանդիպում է անցկացրել նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը «կարծիքներ են փոխանակել այն բանի շուրջ, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության համապարփակ կարգավորման հասնելու համար»,- հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում: