Իրանը կատարելու է իր միջազգային պարտավորությունները միջուկային էներգետիկայի զարգացման հարցում և շարունակելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր երթի մեկնարկից առաջ ունեցած ելույթում:

 

«Մենք կատարելու ենք մեր միջազգային պարտավորությունները միջուկային էներգետիկայի զարգացման հարցում և կձգտենք համաձայնության հասնել միջուկային ծրագրի հարցում»,- հայտարարել է Ռոուհանին:

 

Իրանի նախագահը շնորհավորել է զինծառայողներին բանակի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ իրանական բանակը տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխավորներից մեկն է: «Մեր բանակը տարածաշրջանում ամենախոշորն է, սակայն նրա միակ նպատակը անվտանգության ապահովումն է, այլ ոչ թե անզեն բնակչության նկատմամբ ագրեսիան: Իրանն այս առումով օրինակ է ծառայում այլ երկրների համար»,- ասել է Ռոուհանին:

 

Իրանի նախագահն անդրադարձել է Սաուդյան Արաբիայի և նրա գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Եմենում օդային հարվածներ հասցնելու հանգամանքին: Նա քննադատել է այդ երևույթը՝ ընդգծելով, որ այդ ավիահարվածները բերում են միայն կործանում ու տառապանք, դրանց հետևանքով զոհվում են անմեղ երեխաներ և կանայք: Նա նաև կոչով դիմել է Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին ֆինանսական աջակցություն ցույց տվող պետություններին: «Ատելության արմատները, որոնք դուք ցանկանում եք դնել մարդկանց սրտերում, վաղ թե ուշ շուռ են գալու ձեր դեմ»,- հայտարարել է Ի րանի նախագահը: